Ի՞նչ է վարկի արդյունավետ տոկոսադրույքը

Թարմ լուրեր
Ինչպե՞ս ճիշտ վերաֆինանսավորել վարկը, որպեսզի գումար խնայեք
Ո՞ր բանկերն են տրամադրում առցանց վարկեր
Ի՞նչ է վարկի արդյունավետ տոկոսադրույքը
Ինչպե՞ս օգտվել կրեդիտային քարտից առանց տոկոսներ վճարելու
Ի՞նչ անել, եթե կորցրել եք բանկային քարտը
Ինչպե՞ս ընտրել ամենաերկար արտոնյալ ժամանակահատվածով կրեդիտային քարտերը
Հեղինակ
Աղբյուր
AFMԹեմա
Կենտրոնական տոկոսադրույք
Պատրաստվել է Earlyone-ի հետ համատեղ։ (Google Play, iOs)
Պատկերացրեք՝ ընտրում եք վարկ և անհասկանալի տարբերության առերեսվում։ Մի բանկն առաջարկում է տարեկան 10%, մյուսը՝ 12%, բայց առանց միջնորդավճարների։ Ո՞ր բանկին դիմել, որպեսզի վարկ վերցնելն ավելի շահավետ լինի։ Դա հասկանալու համար բավարար չէ նայել միայն տոկոսադրույքին։ Կարևոր է պարզել, թե որն է արդյունավետ տոկոսադրույքը։ Հենց դա է ցույց տալիս՝ իրականում որքան կվճարեք բանկին, եթե ներառեք բոլոր լրացուցիչ ծախսերը։
Ի՞նչ է արդյունավետ տոկոսադրույքը
Արդյունավետ տոկոկսադրույքը միայն պայմանագրում նշված տոկոսները չեն։ Դա վարկի ամբողջական արժեքն է տարեկան կտրվածքով՝ հաշվի առնելով բոլոր վճարումները և միջնորդավճարները, որոնք են՝
- վարկի տոկոսադրույքը,
- ձևակերպման վճարը,
- սպասարկման միջնորդավճարները,
- ապահովագրությունները,
- փոխանցման, գնահատման և այլ վճարները։
Այն հաշվարկվում է տարեկան և ցույց է տալիս, թե իրականում որքան կարժենա վարկը։ Հայաստանի Կենտրոնական բանկը հետևում է, որ բանկերը հրապարակեն արդյունավետ տոկոսադրույքները, որպեսզի պայմանները թափանցիկ լինեն և վարկերը հնարավոր լինի համեմատել։
Ինչու՞ է արդյունավետ տոկոսադրույքն ավելի կարևոր, քան անվանականը
- Անվանական տոկոսադրույքը միայն տոկոսներն են՝ առանց լրացուցիչ ծախսերի։
- Արդյունավետ տոկոսադրույքը իրական գերավճարն է՝ ներառված բոլոր թաքնված ծախսերը։
Օրինակ` տրամադրվում է վարկ տարեկան 9%-ով, բայց գումարի 2%-ի չափով միջնորդավճար է գործում, ինչպես նաև կա ամսական սպասարկման վճար։ Այդպես արդյունավետ տոկոսադրույքը կարող է հասնել 12–ից 13%-ի։ Իսկ մեկ այլ վարկ կարող է լինել 10,5%-ով, բայց առանց միջնորդավճարների։ Այդ պարագայում արդյունավետ տոկոսադրույքը կմնա մոտ 10,5%։
Եզրակացություն` ցածր տոկոսը չի երաշխավորում, որ այդ վարկն ավելի շահավետ է, եթե դեռ չեք հաշվարկել բոլոր ծախսերը։
Արդյունավետ տոկոսադրույքը վարկերի տարբեր տեսակների համար
- Հիփոթեքային վարկ
Օրինակ
Վարկի գումար՝ 20 000 000 ՀՀ դրամ
Ժամկետ՝ 15 տարի
Անվանական տոկոսադրույք՝ 10%
Ձևակերպման միջնորդավճար՝ 1%
Պարտադիր ապահովագրություն՝ տարեկան 50 000 ՀՀ դրամ
Արդյունավետ տոկոսադրույք՝ մոտ 11,1–ից 11,4%
Ինչի՞ վրա է ազդում
Մեծ գումարի դեպքում նույնիսկ 1% տարբերությունը հարյուր հազարավոր դրամների գերավճար է վարկի ողջ ժամկետի համար։
- Սպառողական վարկ
Օրինակ
Գումար՝ 2 000 000 ՀՀ դրամ
Ժամկետ՝ 2 տարի
Անվանական տոկոսադրույք՝ 15%
Ձևակերպման միջնորդավճար՝ 20 000 ՀՀ դրամ
Ամսական սպասարկման վճար՝ 1 500 ՀՀ դրամ
Արդյունավետ տոկոսադրույք՝ կարող է հասնել 18-ից 20%
Ի՞նչ հաշվի առնել
Մանր միջնորդավճարները կարող են աննշան թվալ, բայց կարճաժամկետ վարկի դեպքում դրանք խիստ մեծացնում են վերջնական արժեքը։
- Ավտովարկ
Օրինակ
Գումար՝ 6 000 000 ՀՀ դրամ
Ժամկետ՝ 5 տարի
Անվանական տոկոսադրույք՝ 12%
ԿԱՍԿՈ ապահովագրություն՝ տարեկան 250 000 ՀՀ դրամ
Բանկի միջնորդավճար՝ 1%
Արդյունավետ տոկոսադրույք՝ մոտ 14-ից 15%
Ի՞նչն է կարևոր
Ապահովագրությունը պարտադիր է, և բանկը կարող է այն չներառել գովազդային հաշվարկներում, բայց ձեզ համար դա առանձին ծախս է։
- Կրեդիտային քարտ
Օրինակ
Սահմանաչափ՝ 1 000 000 ՀՀ դրամ
Տոկոսադրույք՝ տարեկան 24%
Քարտի սպասարկում՝ տարեկան 12 000 ՀՀ դրամ
Կանխիկացման համար արտոնյալ ժամկետ չկա։
Արդյունավետ տոկոսադրույքը կարող է գերազանցել 30–ից 35%-ը, հատկապես կանխիկացման կամ ժամկետանցերի դեպքում։
Կարևոր է` կրեդիտային քարտի սխալ օգտագործման դեպքում գերավճարը կարող է ավելի բարձր լինել, քան սպառողական վարկի դեպքում։
Ինչպե՞ս գտնել արդյունավետ տոկոսադրույքը
Հայաստանում բանկերը պարտավոր են արդյունավետ տոկոսադրույքը նշել․
- պաշտոնական կայքերում,
- վարկային պայմանագրերում,
- գովազդային բուկլետներում (մանր տառերով),
- AFM հարթակում նշված են միայն արդյունավետ տոկոսադրույքները։
Սակայն երբեմն արդյունավետ տոկոսադրույքում չեն ներառվում ապահովագրության կամ գրավի գնահատման ծախսերը, եթե դրանք ձևակերպվում են երրորդ կողմի ընկերությունների միջոցով։ Ուստի, միշտ ճշտեք․
- արդյո՞ք հաշվարկում ներառված են բոլոր պարտադիր ծառայությունները,
- ի՞նչ գումար կելքագրվի ձևակերպման օրը,
- կա՞ն արդյոք ամսական կամ տարեկան միջնորդավճարներ։
Ի՞նչն է ազդում արդյունավետ տոկոսադրույքի վրա
Գործոն | Ինչպե՞ս է ազդում |
Տրամադրման միջնորդավճար | Մեծացնում է տոկոսադրույքը 0,5-ից 2% և ավելի |
Պարտադիր ապահովագրություն | Ազդում է վերջնական գերավճարի վրա, հատկապես հիփոթեքային և ավտովարկերի դեպքում |
Հաշվի/քարտի սպասարկում | Ամսական ելքագրումների դեպքում ազդում է սպառողական վարկերի վրա |
Վարկի ժամկետ | Որքան կարճ է ժամկետը, այնքան ուժեղ են ազդում միջնորդավճարները |
Մարման եղանակ (անուիտետ կամ դիֆերենցված) | Անուիտետը կարող է մեծացնել գերավճարը բարձր տոկոսադրույքի դեպքում |
Խորհուրդներ՝ ինչպես տոկոսներ չվճարել
- Մի՛ հավատացեք միայն բաներների վրա նշված թվերին։
- Ստուգեք արդյունավետ տոկոսադրույքը՝ հենց դա է ցույց տալիս վարկի իրական արժեքը։
- Համեմատեք վարկերը նույն ժամկետի և գումարի համար։ Պայմանները փոխվում են՝ կախված տարբեր գործոններից։
- Ուշադիր կարդացեք պայմանագիրը և տվեք անհարմար հարցեր։ Հատկապես թաքնված միջնորդավճարների, ապահովագրությունների և պարտադիր ծառայությունների մասին։
- Օգտագործեք վարկային հաշվիչը։ Այն ցույց կտա, թե որ բանկում է ավելի շահավետ վարկ վերցնել և կօգնի խուսափել ավելորդ ծախսերից։
Եզրակացություն
Արդյունավետ տոկոսադրույքը գլխավոր ուղեցույցն է վարկ ընտրելիս։ Այն օգնում է հասկանալ, թե իրականում որքան գումար կվերադարձնեք բանկին՝ հաշվի առնելով բոլոր վճարումները։ Հիփոթեքային վարկ, սպառողական վարկ, ավտովարկ, կրեդիտային քարտ` յուրաքանչյուր դեպքի համար կարևոր է հաշվարկել ամբողջական արժեքը։
Վարկը ձևակերպելուց առաջ միշտ պահանջեք արդյունավետ տոկոսադրույքի մասին տեղեկությունը և մի՛ տրվեք մարքեթինգային առաջարկներին։
Համեմատեք բանկերի առաջարկներն AFM-ում, ընտրեք շահավետ տարբերակ և խուսափեք գերավճարներից։