Ինչպե՞ս է գործում ArCa քարտերով 2% քեշբեքի ծրագիրը 2026-ին

Ինչպե՞ս է գործում ArCa քարտերով 2% քեշբեքի ծրագիրը 2026-ին
Ամենաշահավետ ավանդները դրամով, դոլարով և եվրոյով՝ 2026-ի հունվարի դրությամբ
Արտարժույթի փոխանակում «Զվարթնոց» օդանավակայանում. ինչպե՞ս ավելի շահավետ փոխանակել գումարը Հայաստան ժամանելիս
Sunday Towers. ի՞նչ է կարևոր իմանալ բնակելի համալիրի մասին՝ նախքան այնտեղ բնակարան գնելը
Ինչպե՞ս Inecobank-ի քարտ բացել՝ Visa, Mastercard և թվային քարտերի ամբողջական ուղեցույցը
1 Click առցանց վարկ Inecobank-ից․ ինչպես գումար ստանալ մի քանի րոպեում՝ առանց բանկ այցելելու
Ինչպե՞ս կարող է Ռուսաստանի քաղաքացին քարտ բացել Հայաստանում 2025-ին․ հնարավո՞ր է դա անել հեռակա կարգով
Ի՞նչ դասերի են լինում Visa և Mastercard քարտերը և ինչո՞վ են իրարից տարբերվում
Ինչպե՞ս շահավետ պայմաններով ոսկու գրավով վարկ ստանալ Հայաստանում
Ինչպե՞ս են բանկերը գնահատում վարկառուներին Հայաստանում. ի՞նչն է ազդում վարկի հաստատման վրա
Հեղինակ
Սաթի ԱվագյանԱղբյուր
AFMԹեմա
Ֆինանսական նորություններ, Դեբետային քարտեր, Վճարումներ և փոխանցումներ
2026 թվականից Հայաստանում գործում է ArCa ազգային վճարային համակարգի քարտերով 2% քեշբեքի պետական ծրագիրը: Քեշբեքը հաշվարկվում է երկրի ներսում կատարված 1 000 դրամը գերազանցող անկանխիկ գնումների համար՝ ամսական մինչև 60 000 դրամ սահմանաչափով, և վճարվում է մինչև հաշվարկայինին հաջորդող ամսվա 25-ը: Ծրագիրը չի տարածվում արտասահմանյան ծառայությունների, կրիպտոծառայությունների և բարձր ռիսկայնություն ունեցող մի շարք կատեգորիաների վրա:
Ինչո՞ւ է ծրագիրը սահմանափակված միայն ArCa քարտերով
Քեշբեքի ծրագիրն իրականացվում է հատուկ ֆինանսական մոդելով.
- 1% քեշբեքը ֆինանսավորում է «Armenian Card» ընկերությունը
- 1%-ը փոխհատուցվում է պետական բյուջեից
«Armenian Card»-ի այս ծրագրի առավելագույն ներդրումը 3,5 միլիարդ դրամ է: Այս շեմը գերազանցելու դեպքում հետագա վճարումներն իրականացնում է պետությունը: Նման մոդելը հնարավոր է միայն այն պատճառով, որ ArCa-ն հանդիսանում է ազգային վճարային համակարգ, որի բաժնետերերն են Կենտրոնական բանկը և Հայաստանի առևտրային բանկերը: Միջազգային վճարային համակարգերը (Visa, Mastercard և այլն) չեն մասնակցում սուբսիդավորման բյուջետային մեխանիզմներին, այդ իսկ պատճառով ծրագրում ներգրավված են բացառապես ArCa քարտերը: Ըստ էության, պետությունը սուբսիդավորում է այն գնումները, որոնք անցնում են ազգային վճարային ենթակառուցվածքով:
Ի՞նչ է քեշբեքը և ինչպե՞ս է այն հաշվարկվում
Քեշբեքը՝ գնում կատարելուց հետո ծախսված միջոցների մի մասի վերադարձն է հաճախորդի քարտին, այլ ոչ թե զեղչ վճարում կատարելու ժամանակ: ArCa ծրագրի շրջանակներում մեխանիզմը հետևյալն է՝
- Գնումը վճարվում է ArCa քարտով
- Վճարման մասին տեղեկատվությունն անցնում է վճարային համակարգով
- Գործարքի գումարը ֆիքսվում է
- Հաջորդ ամսում քարտին է վերադարձվում գնման գումարի 2%-ը
Օրինակ եթե մեկ ամսվա ընթացքում ծրագրի պայմաններին համապատասխանող գործարքների վրա ծախսել եք 100 000 դրամ, քեշբեքը կկազմի 2 000 դրամ:
Ծրագրի իրականացման ժամկետները
Քեշբեքը հաշվարկվում է 2026 թվականի հունվարից դեկտեմբեր ամիսներին կատարված գնումների համար:
Փաստացի վճարումներն իրականացվում են 2026թ. փետրվարից մինչև 2027թ. հունվարը՝ հաշվարկայինին հաջորդող ամսվա մինչև 25-ը:
Վճարման ժամկետների օրինակներ.
- Եթե գնումը կատարվել է հունվարին, քեշբեքը կփոխանցվի մինչև փետրվարի 25-ը
- Եթե գնումը կատարվել է հուլիսին, քեշբեքը կփոխանցվի մինչև օգոստոսի 25-ը
- Եթե գնումը կատարվել է դեկտեմբերին, քեշբեքը կփոխանցվի մինչև 2027թ. հունվարի 25-ը
Ծրագրի հիմնական պայմանները
| Պարամետր | Արժեք |
| Քեշբեքի չափը | 2% |
| Գործարքի նվազագույն գումարը | 1 000 դրամից սկսած |
| Առավելագույնը մեկ գործարքի համար | 6 000 դրամ |
| Առավելագույնը ամսական | 60 000 դրամ |
| Վճարային համակարգ | միայն ArCa |
| Գործարքների աշխարհագրությունը | միայն Հայաստան |
Կենսաթոշակառուները և սոցիալական նպաստ ստացողները պահպանում են գործող 20% սոցիալական քեշբեքը և լրացուցիչ ստանում ևս 2%՝ նոր ծրագրի շրջանակներում:
Նախքան ArCa քարտ ձևակերպելը կամ վճարային համակարգը փոխելը, նպատակահարմար է համեմատել տարբեր բանկերի քարտերի պայմանները՝ բազային քեշբեքը, միջնորդավճարները, լրացուցիչ բոնուսներն ու սահմանափակումները: AFM հարթակում հավաքված են Հայաստանի բանկային քարտերի արդիական պայմանները, ինչը թույլ է տալիս համադրել պետական ծրագիրը շուկայական առաջարկների հետ և ընտրել լավագույն տարբերակը:
Որտե՞ղ է հաշվարկվում քեշբեքը և որտեղ՝ ոչ
Գործարքներ, որոնց համար հաշվարկվում է քեշբեք
- Խանութներ և սուպերմարկետներ
- Ռեստորաններ, սրճարաններ, դեղատներ, կլինիկաներ
- Տեղական առցանց խանութներ և մարքեթփլեյսեր
- Կենցաղային և ամենօրյա գնումներ երկրի ներսում
- Ցանկացած այլ ծառայություններ, որոնք Հայաստանում գրանցված են որպես իրավաբանական անձ, բացի նրանցից, ովքեր ներառված չեն ցուցակում
Գործարքներ, որոնց համար քեշբեք չի հաշվարկվում
- Մոլի խաղեր և բուքմեյքերական ծառայություններ
- Կրիպտոծառայություններ և կրիպտոբորսաներ
- Կոմունալ վճարումներ և կապ
- Վճարումներ պետական և համայնքային բյուջեներ
- Ֆինանսական կազմակերպություններ
- Նվեր-քարտեր և կանխավճարային վաուչերներ
- Նախկինում ստացված քեշբեքի գումարի չափով գործարքներ
- Գնումներ արտասահմանյան ընկերություններից և մարքեթփլեյսներից
- Բարձր ռիսկայնություն ունեցող գործարքները
Սա նշանակում է, որ Amazon-ը, AliExpress-ը, Booking-ը, App Store-ը և այլ արտասահմանյան ծառայություններ չեն մասնակցում ծրագրին, մինչդեռ Հայաստանի ներսում գործող տեղական բիզնեսները մասնակցում են:
Ի՞նչ են նշանակում «Բարձր ռիսկայնություն ունեցող գործարքներ» և ինչո՞ւ դրանց համար քեշբեք չի հաշվարկվում
Վճարային համակարգերում կիրառվում է առևտրային կետերի դասակարգումն ըստ MCC կոդերի, որոնք սահմանում են բիզնեսի տեսակը և գործարքների ռիսկայնության մակարդակը: Բարձր ռիսկային գործարքներին սովորաբար դասվում են.
- Կրիպտոհարթակները և էլեկտրոնային դրամապանակները
- Քարտից քարտ փոխանցումները
- Վճարային ագրեգատորները
- Բուքմեյքերական և խաղային ծառայությունները
- Թանկարժեք մետաղների առքուվաճառքը
- Կանխավճարային քարտերը և վաուչերները
Բացառությունների պատճառը պարզ է՝ նման գործարքներում միջոցները հաճախ չեն ծառայում իրական նպատակին, այլ անցնում են տարանցիկ եղանակով կամ կարող են արագ հետ կանխիկացվել: Եթե դրանց համար քեշբեք հաշվարկվեր, ծրագիրը կարող էր օգտագործվել միջոցների «շրջանառության», այլ ոչ թե գնումների խթանման համար:
Ի՞նչ հարցեր կան ծրագրի վերաբերյալ մեկնարկային փուլում
Նմանատիպ ծրագիր Հայաստանում գործարկվում է առաջին անգամ, ուստի մեկնարկային փուլում կան մի շարք հարցեր, որոնք դեռևս պատասխան չունեն:
Օրինակ՝ արդյո՞ք հաճախորդի ստացած քեշբեքը հարկվում է որևէ հարկով: Եթե հաճախորդն ունի տարբեր բանկերի երկու կամ ավելի ArCa քարտեր, և երկուսով էլ գործարքներ են կատարվում, ինչպե՞ս է հաշվարկվելու և փոխանցվելու քեշբեքը: Ինչպե՞ս են գործելու ամսական ընդհանուր գումարի սահմանաչափերը: Որտե՞ղ է հաճախորդը տեսնելու ամսվա ընթացքում կուտակված քեշբեքը, և արդյո՞ք գոյություն ունի որևէ անձնական օգտահաշիվ՝ բացի բանկային հավելվածից: Եթե հաճախորդը համաձայն չլինի քեշբեքի գումարի հետ, ո՞րն է բողոքարկման մեխանիզմը:
Մյուս կողմից այս ծրագիրն իրական ֆինանսական օգուտ է տալիս: Հայաստանի ֆինանսական շուկայում մինչև 2026 թվականն արդեն ձևավորվել է 0,5%-ից մինչև 1,5% քեշբեքով քարտերի առաջարկների պրակտիկա: 2025 թվականի դեկտեմբերին Հայաստանի բանկերն առաջարկում էին 16 տարբեր քարտեր՝ քեշբեքով և լրացուցիչ բոնուսներով: Ընդ որում, այդ քարտերը գործում են առանց ժամանակային սահմանափակումների, գործարքի նվազագույն գումարի, վաճառողի ռեզիդենտության պահանջի և, իհարկե, առանց ArCa քարտ թողարկելու անհրաժեշտության:
Երրորդ կետը շուկայում մրցակցության կանոնների հնարավոր խաթարումն է: Որոշ փորձագետներ նշում են, որ պետության նման միջամտությունն անկանխիկ վճարումների շուկային՝ մեկ ընկերության աջակցությամբ, խախտում է մրցակցային հավասարակշռությունը բոլոր այն վճարային համակարգերի միջև, որոնք տարիներ շարունակ ազնիվ պայքարել են հաճախորդների համար՝ ստեղծելով շահավետ պրոդուկտներ և արտոնություններ հաճախորդի համար: Այս ամենի հետևանքը կարող է լինել սակագների և պայմանների անհավասարակշռությունը բոլոր վճարային համակարգերում, ինչպես նաև օտարերկրյա խաղացողների անվստահությունը Հայաստանի շուկայի հանդեպ:
Ո՞ւմ համար է ArCa քեշբեքի ծրագիրն իրապես շահավետ
- Հայաստանի ներսում ամեն օր գնումներ կատարողների համար
Հարմար է այն օգտատերերի համար, ովքեր պարբերաբար վճարումներ են կատարում խանութներում, ռեստորաններում, սպասարկման կետերում և տեղական առցանց հարթակներում:
- Հաճախակի կենցաղային իրեր և տնտեսական այլ գնումներ կատարողների համար
Կայուն ամսական ծախսերի դեպքում քեշբեքը թույլ է տալիս նվազեցնել փաստացի ծախսերն առանց գնումների՝ ձեր վարքագիծը փոխելու:
- Կենսաթոշակառուների և նպաստառուների համար
Այս կատեգորիայի համար ծրագիրն առանձնահատուկ շահավետ է, քանի որ 2%-ը լրացնում է արդեն իսկ գործող 20% սոցիալական քեշբեքին:
Ո՞ւմ համար նախատեսված չէ ծրագիրը
Այն օգտատերերի համար, որոնց հիմնական ծախսերը կապված են արտասահմանյան ծառայությունների, ֆինանսական փոխանցումների, կրիպտոարժույթների և Հայաստանից դուրս գործող առցանց հարթակների հետ:
Ծրագրի հիմնական սահմանափակումները
- Գործում է միայն Հայաստանի տարածքում:
- Աշխատում է բացառապես ArCa քարտերով:
- Չի տարածվում ֆինանսական և ռիսկային գործարքների վրա:
- Ունի ամսական և մեկ գործարքի համար սահմանված լիմիտներ:
- Վճարումներն իրականացվում են ուշացումով՝ հաջորդ ամսվա ընթացքում:
Հաճախ տրվող հարցեր
Ե՞րբ է փոխանցվում ArCa ծրագրով նախատեսված քեշբեքը
Մինչև գնումների կատարման ամսվան հաջորդող ամսվա 25-ը:
Հաշվարկվո՞ւմ է արդյոք քեշբեք առցանց գնումների համար
Այո, եթե վաճառողը գրանցված է Հայաստանում:
Հնարավո՞ր է ստանալ քեշբեք արտերկրում կատարված գնումների համար
Ոչ, ծրագիրը տարածվում է միայն Հայաստանի ներսում կատարված գործարքների վրա:
Արդյո՞ք քեշբեքը գումարվում է այլ ծրագրերին
Կենսաթոշակառուների և նպաստառուների համար՝ այո. 2%-ը գումարվում է սոցիալական քեշբեքին:
Ի՞նչ է տեղի ունենում գնումը վերադարձնելու դեպքում
Վերադարձի գործարքները քեշբեքի հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում:
Հնարավո՞ր է գերազանցել ամսական սահմանաչափը
Ոչ, առավելագույն քեշբեքը սահմանափակված է ամսական 60 000 դրամով:
Ինչո՞ւ է այս ծրագիրն անհրաժեշտ պետությանը
Ըստ finport.am-ի տվյալների՝ մինչև 2025 թվականի հոկտեմբեր ArCa քարտերի մասնաբաժինը շուկայում նվազել է մինչև 16,3%, քանի որ բանկերն ու հաճախորդներն ավելի ակտիվորեն օգտագործում են միջազգային վճարային համակարգերը:
Քեշբեքի ծրագիրը լուծում է միանգամից մի քանի խնդիր.
- Խթանում է անկանխիկ վճարումները երկրի ներսում:
- Աջակցում է ազգային վճարային ենթակառուցվածքին:
- Բարձրացնում է դրամաշրջանառության թափանցիկությունը:
- Նվազեցնում է կանխիկի մասնաբաժինը:
- Ամրապնդում է ArCa-ի դիրքերը:
Օգտատիրոջ համար սա 2% վերադարձ է, իսկ պետության համար՝ ներդրում սեփական ֆինանսական էկոհամակարգում:
Եզրակացություն
2026 թվականին 2% քեշբեքով ArCa քարտերի գործարկումը տնտեսական գործիք է, որն ուղղված է ներքին անկանխիկ գնումների խթանմանը և ազգային վճարային համակարգի աջակցմանը:
Եթե ձեր ծախսերը հիմնականում կատարվում են Հայաստանում գրանցված խանութներում, սպասարկման կետերում և առցանց հարթակներում, ապա ծրագիրը կարող է նվազեցնել ձեր ամենօրյա ծախսերը: Սակայն, եթե հիմնական վճարումները կապված են արտասահմանյան հարթակների, կրիպտոծարժույթների և ֆինանսական գործարքների հետ, դրանց համար քեշբեք չի հաշվարկվի: Հենց սա է ամբողջ ծրագրի տրամաբանությունը:
