Հայաստանում կգործարկվի ֆինանսական գործարքների ինքնասահմանափակման նոր գործիք

Հրապարակման ամսաթիվ: 11.03.2026 11:01
2k
Հայաստանում կգործարկվի ֆինանսական գործարքների ինքնասահմանափակման նոր գործիք

ՀՀ ԿԲ-ն հայտարարել է ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման մասին։ Նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հուլիսի 1-ից։


Նոր մեխանիզմը սպառողներին հնարավորություն կտա մեկ հպումով արգելափակել առցանց ֆինանսական գործառնությունները, որոնք իրականացվում են մոբայլ բանկինգի կամ ֆինանսական կազմակերպությունների կայքերի միջոցով։


Օրինակ՝ հաճախորդները կկարողանան ժամանակավորապես արգելափակել.


  1. առցանց վարկի ձևակերպումը,
  2. ավանդներից կամ խնայողական հաշիվներից առցանց ելքագրումները,
  3. այլ հեռավար ֆինանսական գործարքներ:


Արգելափակման ապաակտիվացումը հնարավոր կլինի միայն սպառողի նույնականացումից և ինքնության լրացուցիչ ստուգումից հետո։


Կենտրոնական բանկում նշում են, որ գործիքը նպատակ ունի ուժեղացնել սպառողների պաշտպանությունը և նվազեցնել ֆինանսական խարդախությունների ռիսկը։


Մինչ գործիքի ամբողջական գործարկումը ԿԲ-ն խոստանում է լրացուցիչ տեղեկացնել քաղաքացիներին դրա օգտագործման կարգի և հնարավորությունների մասին։


Նոր պահանջները սահմանված են «Սպառողի կողմից ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման նվազագույն պահանջները» Կանոնակարգ 8/09-ում։


2026 թվականի հուլիսի 1-ից հետո այս գործիքի առկայությունը պարտադիր կլինի.


  1. բանկերի համար,
  2. օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի համար,
  3. վարկային կազմակերպությունների համար,
  4. դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների համար,


եթե դրանք ֆինանսական ծառայություններ են մատուցում հեռավար եղանակով։