easypay-ի հնարավորությունների մանրամասն ուսումնասիրություն՝ որպես գումարի կառավարման և արագ վճարումների գործիք

Հայաստանի պետական պարտատոմսեր։ Ինչպե՞ս գնել և ի՞նչ եկամտաբերություն կարելի է ստանալ
Ինչպե՞ս կարող է Ռուսաստանի քաղաքացին Հայաստանում բացել բրոքերային հաշիվ և սկսել ներդրումներ կատարել
Հայաստանում առաջին անգամ չափել են, թե որ բանկերին է «տեսնում» արհեստական բանականությունը
Բնակարանի վերանորոգման բյուջե․ ինչպե՞ս հաշվարկել գումարը և խուսափել չնախատեսված ծախսերից
Ինչպե՞ս ընտրել առավել շահավետ պայմաններով հիպոթեքային վարկը Հայաստանում 2026 թվականին
Ինչպե՞ս ընտրել առավել շահավետ պայմաններով վարկ Հայաստանում 2026 թվականին
Կորպորատիվ պարտատոմսերի եկամտաբերությունը Հայաստանում 2026 թվականին: Ո՞ր ընկերություններն են առաջարկում ամենաբարձր եկամտաբերությունը։
Առցանց վարկերը Հայաստանում 2026 թվականին․ որ բանկերն ու վարկային կազմակերպություններն են առաջարկում և ինչ պայմաններով
Հիփոթեքը Հայաստանում ՌԴ քաղաքացիների համար 2026 թվականին. որ բանկերն են հիփոթեքային վարկ տրամադրում և ինչ պայմաններով
Հիփոթեքը Հայաստանում 2026 թվականին․ տոկոսադրույքներ, պայմաններ և ինչպես ճիշտ ձևակերպել
easypay-ը հայկական easy ընկերության էլեկտրոնային դրամապանակն է, որի միջոցով կարելի է վճարել կոմունալ ծառայությունների համար, գումար փոխանցել, վարկեր մարել, տոմսեր գնել, տուգանքներ վճարել և կատարել առօրյա այլ ֆինանսական գործարքներ։
easypay-ի հիմնական առավելությունը վճարումների լայն ցանկն է։ Հավելվածում հասանելի է ավելի քան 1 000 ծառայություն, իսկ դրամապանակը կանխիկով կարելի է համալրել easykiosk-ի՝ ամբողջ Հայաստանում գտնվող ավելի քան 4 000 տերմինալներից բաղկացած ցանցի միջոցով։
Ըստ AFM-ի 2026 թ․ վարկանիշի արդյունքների, easypay-ը զբաղեցրել է առաջին տեղը Հայաստանի 8 էլեկտրոնային դրամապանակների շարքում՝ ծառայությունների հասանելիության տեսանկյունից։ Միևնույն ժամանակ հավելվածն ունի նաև սահմանափակումներ․ այն չունի սեփական բանկային քարտ, NFC վճարումներ, Apple Pay, Google Pay և մնացորդի վրա տոկոսների հաշվեգրում։
Պարզենք, թե ինչպես է աշխատում easypay-ը, ինչ գործարքներ են հասանելի օգտատերերին, որքան արժեն փոխանցումները և ում համար այս դրամապանակը կարող է առավել հարմար լինել։
Հիմնականը՝ հակիրճ
easypay հավելվածը հասանելի է iOS և Android սմարթֆոնների համար։
Դրամապանակի միջոցով կարելի է․
- վճարել կոմունալ ծառայությունների համար,
- համալրել բջջային կապի և ինտերնետի հաշիվը,
- գումար փոխանցել այլ օգտատերերի,
- ստանալ փոխանցումներ Ռուսաստանից և այլ երկրներից,
- մարել վարկեր,
- վճարել ավտոկայանատեղիի և ավտոմեքենայի տուգանքների համար,
- ձևակերպել ԱՊՊԱ,
- գնել միջոցառումների տոմսեր,
- վճարել գնումների համար QR կոդով,
- ստանալ easycoin բոնուսներ։
Ինչպես գրանցվել easypay-ում
Գրանցումը կատարվում է հավելվածում և տևում է մի քանի րոպե։
Քայլ 1․ տեղադրեք հավելվածը
Ներբեռնեք easypay-ը App Store-ից կամ Google Play-ից։
Քայլ 2․ նշեք հեռախոսահամարը
Հաշիվ ստեղծելու համար անհրաժեշտ է գործող բջջային հեռախոսահամար։ Այդ համարին կուղարկվի հաստատման կոդ։
Քայլ 3․ լրացրեք անձնական տվյալները
Անհրաժեշտ է նշել՝
- անունը,
- էլեկտրոնային փոստի հասցեն,
- մուտքի գաղտնաբառը։
Քայլ 4․ անցեք նույնականացում
Միայն հիմնական գրանցումից հետո դրամապանակի հնարավորությունները սահմանափակ են։ Բանկային քարտից համալրում կատարելու, միջոցներ դուրս բերելու, քեշբեք ստանալու և մի շարք այլ գործառույթներից օգտվելու համար անհրաժեշտ է հաստատել ձեր ինքնությունը։
Սա ոչ միայն ծառայության ներքին կանոնն է, այլ նաև Հայաստանի օրենսդրության պահանջը․ ֆինանսական կազմակերպությունները և վճարային ծառայությունները պետք է նույնականացնեն օգտատերերին՝ խարդախությունը, փողերի լվացումը և այլ անօրինական գործարքները կանխելու համար։
Ինչպե՞ս անցնել նույնականացումը
easypay-ում նույնականացումն իրականացվում է առցանց՝ հավելվածի ներսում։
Օգտատերը պետք է․
- լուսանկարի անձնագիրը կամ նույնականացման քարտը,
- սելֆի անի,
- սպասի տվյալների ստուգման արդյունքին․ սովորաբար այն տևում է մի քանի ժամ։
Համակարգն ավտոմատ կերպով համեմատում է օգտատիրոջ լուսանկարը փաստաթղթում ներկայացված պատկերի հետ։ Ստուգման համար օգտագործվում են դեմքի ճանաչման տեխնոլոգիաներ։
Եթե առցանց ընթացակարգն անցնել չի հաջողվում, կարելի է դիմել easy-ի մասնաճյուղերից մեկը և նույնականացումն անձամբ անցնել։
Կարո՞ղ է ոչ ռեզիդենտն օգտվել easypay-ից
Հայաստանի ոչ ռեզիդենտ անձինք կարող են օգտվել easypay-ից, սակայն նրանց համար գործում են լրացուցիչ պահանջներ և սահմանափակումներ։
Որպես կանոն, անհրաժեշտ է ունենալ․
- հայկական հեռախոսահամար,
- սոցիալական քարտ,
- Հայաստանի բանկերից մեկի քարտը։
Ոչ ռեզիդենտներին հասանելի չէ հավելվածի միջոցով անվճար բանկային հաշիվ բացելու հնարավորությունը։
Ինչպե՞ս համալրել easypay-ը
Դրամապանակը կարելի է համալրել կանխիկով, բանկային քարտից կամ այլ վճարային համակարգերի միջոցով։
| Համալրման եղանակ | Միջնորդավճար | Առանձնահատկություններ |
| easykiosk տերմինալ | 0% | ավելի քան 4 000 տերմինալ Հայաստանում |
| Բանկային քարտ | կախված է գործարքի պայմաններից | գործարքներ կատարվում են Visa, Mastercard, American Express և Arca համակարգերով |
| Արագ փոխանցումների համակարգ Ռուսաստանից | 0% easypay-ի կողմից | հասանելի են փոխանցումներ Ռուսաստանի մեծ թվով բանկերից |
| T-Bank | 0%՝ ամսական 20 000 RUB սահմանված սահմանաչափի շրջանակում | սահմանաչափը գերազանցելուց հետո կարող է միջնորդավճար գանձվել |
| ArcaPay | 0% | փոխանցումներ ArcaPay-ին միացված Հայաստանի բանկերից |
Ինչպե՞ս համալրել easypay-ը easykiosk տերմինալի միջոցով
Սա easypay-ի հիմնական առավելություններից մեկն է այն օգտատերերի համար, որոնք կանխիկ են նախընտրում կամ չունեն բանկային քարտ։
easykiosk-ի ցանցը ներառում է ավելի քան 4 000 տերմինալ ամբողջ Հայաստանում։ Ըստ ընկերության տվյալների՝ տերմինալի միջոցով դրամապանակի համալրումը հասանելի է առանց միջնորդավճարի։
Գործարքը հաստատելուց առաջ անպայման ստուգեք․
- հեռախոսահամարը կամ հաշվի համարը,
- ստացողի անունը,
- համալրման գումարը,
- տերմինալի էկրանին նշված միջնորդավճարի չափը։
Պահպանեք անդորրագիրը մինչև գումարի մուտքագրումը։
Ինչպե՞ս համալրել easypay-ը բանկային քարտից
Նույնականացումն անցնելուց հետո դրամապանակը կարելի է համալրել հասանելի վճարային համակարգերի բանկային քարտերից։
Հավելվածն աշխատում է հետևյալ քարտերի հետ՝
- Visa,
- Mastercard,
- American Express,
- Arca։
Փաստացի միջնորդավճարը կարող է կախված լինել բանկից, քարտի տեսակից, արտարժույթից և գործարքի ուղղությունից։ Վերջնական գումարը պետք է ցուցադրվի մինչև վճարման հաստատումը։
Ինչպե՞ս գումար դուրս բերել easypay-ից
Նույնականացում անցնելուց հետո դրամապանակից գումարը կարելի է դուրս բերել բանկային քարտի վրա։
easy-ի մասնաճյուղերում հնարավոր չէ կանխիկ ստանալ։ easypay-ը նաև չունի սեփական քարտ, որով հնարավոր կլիներ գումար կանխիկացնել բանկոմատից։
Ուստի կանխիկ գումար ստանալու համար անհրաժեշտ է․
- գումարը փոխանցել easypay-ից բանկային քարտի վրա,
- սպասել գումարի մուտքագրմանը,
- կանխիկացում իրականացնել սպասարկող բանկի բանկոմատից։
Այսպիսի գործարքի դեպքում կարող են կիրառվել easypay-ի, բանկային քարտի կամ բանկոմատի կողմից իրականացվող միջնորդավճարներ։
Ի՞նչ ծառայությունների համար կարելի է վճարել easypay-ի միջոցով
easypay-ի հիմնական մրցակցային առավելությունը ավելի քան 1 000 ծառայությունից բաղկացած կատալոգն է։
Կոմունալ և այլ վճարումներ
Հավելվածում կարելի է վճարել՝
- էլեկտրաէներգիայի համար,
- գազի համար,
- ջրի համար,
- աղբահանության համար,
- դոմոֆոնի համար,
- ինտերնետի համար,
- բջջային կապի համար,
- կաբելային և արբանյակային հեռուստատեսության համար։
Շատ կոմունալ և կենցաղային այլ վճարումների համար միջնորդավճար չի գանձվում։
Օգտատերը կարող է պահպանել վճարման տվյալները, միավորել մի քանի ծառայություն մեկ վճարման մեջ և կարգավորել ամսական ավտոմատ վճարում։ Սա թույլ է տալիս ամեն անգամ չմուտքագրել բաժանորի տվյալները և նվազեցնում է ժամկետանց վճարման ռիսկը։
Մինչև ավտոմատ վճարումը միացնելը համոզվեք, որ գանձման օրը հաշվին բավարար գումար կլինի։
Պետական և հարկային վճարումներ
easypay-ի միջոցով կարելի է վճարել՝
- հարկեր,
- մաքսատուրքեր,
- պետական տուրքեր,
- բյուջետային վճարներ,
- առանձին պետական ծառայություններ։
Որոշ գործարքների համար կարող է գանձվել ֆիքսված միջնորդավճար՝ 100-ից մինչև 500 դրամի չափով։ Ճշգրիտ սակագինը ցուցադրվում է մինչև վճարման հաստատումը։
garage՝ վարորդների համար
garage-ն easypay-ի բաժին է՝ ավտոմեքենայի հետ կապված ծախսերը կառավարելու համար։
Այստեղ նարավոր է․
- ստուգել վարորդի տուգանքները և վճարել դրանց դիմաց,
- վճարել ավտոկայանատեղիի համար,
- ԱՊՊԱ-ի ձևակերպում իրականացնել,
- նոր տուգանքների մասին ծանուցումները ստուգել,
- ավտոմեքենայն կցել օգտահաշվին,
- էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայությունների հաշվեկշռի համալրում իրականացնել։
ԱՊՊԱ-ն Հայաստանում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունն է։ Այն ծածկում է այն վնասը, որը վարորդը կարող է պատճառել ճանապարհային երթևեկության այլ մասնակիցներին։
garage-ի միջոցով տուգանքների և ավտոկայանատեղիի համար վճարելիս միջնորդավճար չի գանձվում։
easyevent
easyevent բաժնի միջոցով կարելի է միջոցառումների տոմսեր գնել անմիջապես հավելվածում։
Այն թույլ է տալիս վճարել․
- համերգների,
- ներկայացումների,
- փառատոնների,
- ժամանցային և այլ միջոցառումների համար։
Միջոցառումների հասանելիությունը կախված է կազմակերպիչներից և միացված հարթակներից։
Ֆինանսական ծառայություններ
easypay-ի միջոցով կարելի է նաև․
- բանկային վարկերի մարում իրականացնել,
- QR կոդով վճարումներ կատարել,
- բանկային հաշիվ բացել,
- առցանց վարկ ձևակերպել,
- ապահովագրական ծառայություններից օգտվել,
- նոտարական ծառայությունների համար վճարել։
Նույնականացում անցնելուց հետո օգտատերը կարող է ձևակերպել առցանց վարկ մինչև 160 000 ՀՀ դրամի չափով։ Պայմանները, տոկոսադրույքը և վարկի ամբողջական արժեքը պետք է ցուցադրվեն մինչև պայմանագրի ստորագրումը։
Չարժե վարկ ընտրել միայն արագ ձևակերպման պատճառով։ Նախ համեմատեք տոկոսադրույքը, միջնորդավճարները, ժամկետը և վերադարձվող ընդհանուր գումարը։
Այլ վճարումներ
Ծառայությունների ցանկում ներկայացված են նաև՝
- GG, Utaxi և Arpi տաքսի ծառայությունները,
- բժշկական կենտրոններ,
- բարեգործական կազմակերպություններ,
- առցանց խաղեր,
- ժամանցային ծառայություններ,
- բուքմեյքերական հարթակներ։
Ֆինանսական ռիսկ պարունակող ծառայությունների համար վճարելիս կարևոր է նախապես սահմանել ծախսերի սահմանաչափ և ստուգել տվյալ ծառայության օրինականությունն ու պայմանները։
Ինչպե՞ս է աշխատում easycoin բոնուսային ծրագիրը
easycoin-ը easypay-ի ներքին բոնուսային միավորն է։ 1 easycoin-ը հավասար է 1 դրամի։
easycoin կարելի է ստանալ․
- գործընկերների ակցիաների և հատուկ առաջարկների շրջանակում,
- առանձին վճարումների դիմաց քեշբեքի տեսքով,
- ռեֆերալ ծրագրին մասնակցելու համար,
- easy-ի մրցույթներում և խաղարկություններում։
Ռեֆերալ ծրագրի պայմաններով օգտատերը կարող է ստանալ 1 000 easycoin՝ հրավիրված ընկերոջ համար, իսկ նոր օգտատերը՝ 500 easycoin։ Քեշբեքի ծրագրին մասնակցելու և բոնուսների մի մասը ստանալու համար անհրաժեշտ է անցնել նույնականացում։
Կուտակված easycoin-ները կարելի է փոխանակել հասանելի ապրանքների և ծառայությունների հետ։ Օգտագործելուց առաջ ստուգեք բոնուսների գործողության ժամկետը և տվյալ ակցիայի պայմանները։
Հնարավո՞ր է վճարել սմարթֆոնով NFC-ի միջոցով
easypay-ում NFC վճարումներ հնարավոր չեն։
Հավելվածը հնարավոր չէ օգտագործել Apple Pay-ի կամ Google Pay-ի միջոցով անհպում վճարումների համար։ Առևտրի և սպասարկման կետերում վճարման համար կիրառվում է QR կոդը, եթե վաճառողն աջակցում է այդ եղանակը։
QR վճարման դեպքում օգտատերը․
- բացում է հավելվածը,
- անցնում է QR կոդով վճարման բաժին,
- սկանավորում է վաճառողի կոդը,
- ստուգում է ստացողի անունը և գումարը,
- հաստատում է գործարքը։
QR վճարումը հարմար է միացված առևտրի և սպասարկման կետերում, սակայն այն չի փոխարինում բանկային քարտին այն վայրերում, որտեղ միայն POS տերմինալով վճարում է հնարավոր։
Անվտա՞նգ է արդյոք easypay-ը
easy-ի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի կենտրոնական բանկի կողմից։ Ընկերությունն ունի ՀՀ ԿԲ-ի №17 լիցենզիան և տեղեկատվական անվտանգության ոլորտում ISO 27001 հավաստագիրը։
Օգտահաշվի պաշտպանության համար օգտագործվում են՝
- գաղտնաբառ կամ PIN կոդ,
- Face ID,
- Touch ID,
- փաստաթղթի ստուգում,
- օգտատիրոջ դեմքի կենսաչափական համեմատություն փաստաթղթում ներկայացված լուսանկարի հետ։
Ո՞ւմ է հարմար easypay-ը
Ավտոմեքենայի սեփականատերերին
garage-ը մեկ բաժնում միավորում է տուգանքները, ավտոկայանատեղիի վճարումը, ԱՊՊԱ-ն և ավտոմեքենայի հետ կապված այլ ծառայություններ։
Սա թույլ է տալիս կցել ավտոմեքենան, ստանալ ծանուցումներ և վճարել պարտադիր ծախսերը՝ առանց մի քանի հավելվածների միջև անցումներ կատարելու։
Ռուսաստանից փոխանցումներ ստացողներին
easypay-ը հարմար է այն օգտատերերին, որոնք կանոնավոր կերպով գումար են ստանում Ռուսաստանից Արագ վճարումների համակարգի միջոցով։
Առավելություն է հեռախոսահամարով փոխանցում կատարելու հնարավորությունը և զրոյական միջնորդավճարը՝ ընտրված բանկի պայմանների շրջանակում։ Ուղարկող բանկի սահմանափակումներն ու սահմանաչափերը պետք է ստուգել առանձին։
Շատ ծառայությունների համար վճարող օգտատերերին
Ավելի քան 1 000 հասանելի ծառայությունները, ձևանմուշները, խմբային վճարումները և ավտոմատ վճարումները թույլ են տալիս կանոնավոր կենցաղային ծախսերի մեծ մասը կատարել մեկ հավելվածի միջոցով։
Սա հարմար է, եթե դուք ամեն ամիս վճարում եք կոմունալ ծառայությունների, ինտերնետի, բջջային կապի, վարկերի և ավտոմեքենայի հետ կապված ծախսերի համար։
Բանկային քարտ չունեցող օգտատերերին
Դրամապանակը կարելի է համալրել կանխիկով easykiosk տերմինալների միջոցով։ Սա օգտակար է նրանց համար, ովքեր չեն օգտվում բանկային քարտից կամ նախընտրում են ծառայությունների համար վճարել կանխիկով։
Միևնույն ժամանակ բոլոր գործառույթներից օգտվելու համար, ամեն դեպքում, անհրաժեշտ է անցնել նույնականացում։
easypay-ի առավելություններն ու թերությունները
| Առավելություններ | Թերություններ |
| Ավելի քան 1 000 հասանելի ծառայություն | սեփական վիրտուալ կամ ֆիզիկական քարտի բացակայություն |
| Կանխիկով համալրման ավելի քան 4 000 տերմինալ | NFC վճարումներ չկան |
| easyevent ծառայություն՝ միջոցառումների տոմսերի գնման համար | Apple Pay և Google Pay չկան |
| Օգտատերերի միջև փոխանցումներ՝ առանց միջնորդավճարի | կանխիկ գումար հնարավոր չէ անմիջապես ստանալ |
| Փոխանցումներ Ռուսաստանից՝ Արագ վճարումների համակարգի միջոցով | որոշ սակագներ կախված են ընտրված ծառայություն մատուցողից |
| Փոխանցումներ ArcaPay-ի միջոցով | սահմանափակումներ կան ոչ ռեզիդենտների համար |
| garage՝ ավտոմեքենայի սեփականատերերի համար | մանկական դրամապանակ չկա |
| Ավտոմատ և խմբային վճարումներ | մնացորդի վրա տոկոսներ չեն հաշվեգրվում |
| easycoin բոնուսային ծրագիր | ապառիկի հնարավորություն չկա |
| Հայաստանի կենտրոնական բանկի լիցենզիա | App Store-ում գնահատականն ավելի ցածր է, քան Google Play-ում |
| Հասանելի է երեք լեզվով | Կարող են դժվարություններ առաջանալ՝ կապված կենսաչափական նույնականացման հետ |
Հաճախ տրվող հարցեր
Որքա՞ն արժե գրանցումն easypay-ում
Գրանցումն ու օգտահաշվի ստեղծումն անվճար են։ Միջնորդավճար կարող է գանձվել առանձին փոխանցումների, վճարումների կամ գումարի դուրսբերման համար։
Հնարավո՞ր է օգտվել easypay-ից առանց նույնականացման
Հիմնական գրանցումից հետո հասանելի չեն բոլոր գործառույթները։ Բանկային քարտից համալրում կատարելու, միջոցներ դուրս բերելու, քեշբեք ստանալու և մի շարք այլ գործարքների համար անհրաժեշտ է հաստատել ինքնությունը։
Ինչպե՞ս համալրել easypay-ը կանխիկով
Դրամապանակը կարելի է համալրել easykiosk տերմինալների միջոցով։ Ցանցը ներառում է ավելի քան 4 000 տերմինալ ամբողջ Հայաստանում։
Հնարավո՞ր է փոխանցում ստանալ Ռուսաստանից
Այո։ Փոխանցումները հասանելի են Արագ վճարումների համակարգի միջոցով՝ միացված ռուսական բանկերից։ Միջնորդավճարներն ու սահմանաչափերը կախված են ուղարկող բանկից։
Հնարավո՞ր է քարտին գումար փոխանցել
Այո, բանկային քարտի վրա գումարի դուրսբերումը հասանելի է նույնականացումն անցնելուց հետո։ Վերջնական միջնորդավճարը պետք է ցուցադրվի մինչև գործարքի հաստատումը։
Հնարավո՞ր է գումար կանխիկացնել easy-ի մասնաճյուղում
Ոչ, կանխիկ գումար ստանալ անմիջապես մասնաճյուղում կամ փոստային բաժանմունքում հնարավոր չէ։
easypay-ն ունի՞ բանկային քարտ
Ոչ։ easypay-ը չունի սեփական վիրտուալ կամ ֆիզիկական բանկային քարտ։
easypay-ն աշխատո՞ւմ է Apple Pay-ի և Google Pay-ի հետ
Ոչ։ Դրամապանակով հնարավոր չէ իրականացնել Apple Pay-ը, Google Pay-ը և NFC վճարումները։
Հնարավո՞ր է կոմունալ ծառայությունների համար վճարել առանց միջնորդավճարի
Շատ կոմունալ և այլ ծառայություններ հասանելի են առանց միջնորդավճարի։ Վճարելուց առաջ ստուգեք հավելվածի էկրանին նշված վերջնական գումարը։
easypay-ը հարմա՞ր է ոչ ռեզիդենտների համար
Ոչ ռեզիդենտները կարող են օգտվել դրամապանակից լրացուցիչ պահանջները կատարելու դեպքում։ Նրանցից կարող է պահանջվել հայկական հեռախոսահամար, հանրային ծառայությունների համարանիշ և Հայաստանի բանկերից մեկի քարտ։ Գործառույթների մի մասը ոչ ռեզիդենտների համար հասանելի չէ։
Եզրակացություն․ արժե՞ օգտվել easypay-ից 2026-ին
easypay-ը Հայաստանի ամենաֆունկցիոնալ էլեկտրոնային դրամապանակներից մեկն է առօրյա ծառայությունների վճարման համար։ Դրա ուժեղ կողմերն են՝ ավելի քան 1 000 ծառայությունները, տերմինալների մեծ ցանցը, փոխանցումներն Արագ վճարումների համակարգի և ArcaPay-ի միջոցով, ինչպես նաև garage առանձին բաժինը՝ ավտոմեքենայի հետ կապված ծախսերի համար։
Դրամապանակը հատկապես հարմար է, եթե դուք պարբերաբար վճարում եք կոմունալ ծառայությունների համար, փոխանցումներ եք ստանում Ռուսաստանից կամ ցանկանում եք ավտոմեքենայի հետ կապված ծախսերը կառավարել մեկ հավելվածում։
Միևնույն ժամանակ easypay-ը չի փոխարինում բանկային քարտը։ Հավելվածը չունի սեփական քարտ, NFC վճարումներ, Apple Pay, Google Pay, մնացորդի վրա տոկոսներ չեն հաշվեգրվում և հնարավոր չէ կանխիկ գումար ստանալ ընկերության բաժանմունքներից։ Ուստի POS տերմինալով ամենօրյա գնումների համար անհրաժեշտ կլինի առանձին բանկային քարտ։
Գործարք կատարելուց առաջ ստուգեք միջնորդավճարի չափը, փոխարժեքը և սահմանաչափերը։ Բանկերի, վճարային համակարգերի և հենց դրամապանակի սակագները կարող են փոխվել։
Համեմատեք easypay-ը Հայաստանի այլ էլեկտրոնային դրամապանակների հետ AFM-ում։ Ուսումնասիրեք համալրման հասանելի եղանակները, փոխանցումները, միջնորդավճարներն ու լրացուցիչ գործառույթները՝ համապատասխան տարբերակ ընտրելու համար։
Հեղինակ
Սաթի ԱվագյանԱղբյուր
AFMՊատկերի աղբյուր
easywalletԹեմա
Վճարումներ և փոխանցումներ, Էլեկտրոնային դրամապանակներ, easywallet
