Ինչպե՞ս վճարել ուսման վարձն առցանց՝ ԲՈՒՀ-եր, դասընթացներ և ուսումնական կենտրոններ

Հայաստանում ուսման վարձը կարելի է վճարել վճարային տերմինալի, բջջային հավելվածի, բանկային փոխանցման, ուսումնական հաստատության կայքում ներկայացված բանկային քարտի, հաշվեհամարի կամ ուսանողական վարկի միջոցով։ Որոշ կազմակերպությունների դեպքում հնարավոր է նաև տեղում վճարել, ինչը պետք է ճշտել նախապես։
Իրականում, լավագույն տարբերակը կախված է երեք գործոնից՝ վճարման ինչ եղանակներ է ընդունում տվյալ բուհը կամ ուսումնական կենտրոնը, որքան արագ է անհրաժեշտ մուտքագրել գումարը և գանձվո՞ւմ է արդյոք միջնորդավճար։ Ստորև ներկայացված ուղեցույցը կօգնի ընտրել համապատասխան տարբերակը, ճիշտ նշել տվյալները և պահպանել վճարումը հաստատող փաստաթուղթը։
Ի՞նչ է անհրաժեշտ անել
- Ուսումնական հաստատության պաշտոնական կայքում կամ հաշվապահությունից ճշտեք, թե վճարման ինչ եղանակներ են ընդունվում։
- Պատրաստեք պայմանագրի համարն, ուսանողական տոմսը կամ անձնական հաշվեհամարը։
- Համեմատեք հասանելի ծառայությունների միջնորդավճարներն ու մեկ գործարքի սահմանաչափը։
- Ստուգեք վճարումը ստացող ընկերության անվանումը, պայմանները և վճարման նպատակը։
- Վճարեք ուսման վարձն ընտրված եղանակով և պահպանեք անդորրագիրը։
- Ստուգեք գումարի մուտքագրումը, հատկապես եթե վճարել եք բանկային փոխանցմամբ կամ վերջնաժամկետին մոտ։
Ի՞նչ եղանակներով կարելի է վճարել ուսման վարձը Հայաստանում
Ուսման վարձը հիմնականում կարելի է վճարել EasyPay-ով և easywallet-ով, Idram-ով, բանկային փոխանցմամբ, ուսումնական հաստատության կայքում՝ քարտով, օֆլայն և ուսանողական վարկով։
| Վճարման եղանակը | Երբ է հարմար | Արագությունը | Ինչ ստուգել |
| EasyPay / easywallet | Ուսումնական հաստատությունը ներառված է ծառայության ցանկում | Սովորաբար՝ արագ | Միջնորդավճարը և սահմանաչափը |
| Idram | Ծառայությունը հասանելի է հավելվածում | Սովորաբար՝ արագ | Միջնորդավճարը և վճարումը ստացողին |
| Քարտով՝ կայքում | Բուհն ունի վճարման պաշտպանված էջ | Սովորաբար՝ անմիջապես | Կայքի հասցեն և 3D Secure-ի առկայությունը |
| Բանկային փոխանցում | Բուհը տրամադրել է բանկային հաշվի վավերապայմանները | Միշտ չէ, որ անմիջապես է կատարվում | IBAN-ը կամ հաշվեհամարը, վճարման նպատակը և մուտքագրման ժամկետը |
| Օֆլայն վճարում | Հասանելի է վճարում բանկում, տերմինալով կամ դրամարկղում | Կախված է ընտրված եղանակից | Աշխատանքային ժամերը, միջնորդավճարը և վճարումների ընդունման պայմանները |
| Ուսանողական վարկ | Հնարավոր չէ միանգամից վճարել ամբողջ գումարը | Վարկի հաստատումից հետո | Տոկոսադրույքը, ժամկետը և երաշխավորին ներկայացվող պահանջները |
Ինչպե՞ս ենք համեմատել ուսման վարձի վճարման եղանակները
Համեմատությունը գործնական և օգտակար դարձնելու համար հաշվի ենք առել․
- միջնորդավճարի չափը և մեկ վճարման սահմանաչափի առկայությունը,
- գումարի մուտքագրման արագությունը,
- կանխիկ կամ սմարթֆոնով վճարելու հնարավորությունը,
- համակարգին միացված ուսումնական հաստատությունների քանակը,
- վճարումը հաստատելու և անդորրագիրը պահպանելու հարմարավետությունը,
- լրացուցիչ հնարավորությունները, օրինակ՝ տարաժամկետ վճարումը կամ վարկը։
Բոլորի համար միանշանակ լավագույն տարբերակ չկա։ Մեկ ուսանողի համար շահավետ եղանակը կարող է հասանելի չլինել մյուսին՝ ուսումնական հաստատության կանոնների, քարտի տեսակի կամ կանխիկ վճարելու անհրաժեշտության պատճառով։
Կարելի՞ է ուսման վարձն օֆլայն վճարել
Այո։ Ուսման վարձը կարելի է վճարել բանկի մասնաճյուղում, EasyPay տերմինալի միջոցով, ինչպես նաև անմիջապես ուսումնական հաստատության դրամարկղում կամ ֆինանսական բաժնում, եթե կազմակերպությունը տեղում ընդունում է վճարումներ։
| Օֆլայն վճարման եղանակը | Երբ է հարմար | Ինչ հաշվի առնել |
| Բանկի մասնաճյուղ | Առկա են բանկի գործող վավերապայմանները | Խնդրեք ճիշտ նշել վճարման նպատակը և պահպանեք անդորրագիրը |
| EasyPay տերմինալ | Ուսումնական հաստատությունը կցված է հարթակին | Ստուգեք միջնորդավճարը, սահմանաչափը և ուսանողի կամ հաշվի համարը |
| Դրամարկղ կամ ֆինանսական բաժին | Կազմակերպությունը պաշտոնապես ընդունում է տեղում վճարումներ | Նախապես ճշտեք աշխատանքային ժամերը, վճարման եղանակները և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը |
Այցելությունից առաջ ուսումնական հաստատությունից խնդրեք տրամադրել ճշգրիտ վավերապայմանները, վճարման նպատակը և անդորրագրում պարտադիր նշվող տվյալների ցանկը։ Եթե ուսման վարձը վճարում է ծնողը կամ մեկ այլ անձ, ճշտեք՝ արդյոք անհրաժեշտ է նշել ուսանողի անունը, ազգանունը և հայրանունը։
Ե՞րբ է հարմար վճարել EasyPay-ի և easywallet-ի միջոցով
EasyPay-ը հարմար է, եթե ուսումնական հաստատությունը ներառված է հարթակի կրթական հաստատությունների ցանկում։ Կանխիկ կարելի է վճարել տերմինալի միջոցով, իսկ հեռավար՝ easywallet հավելվածով։
«Ուսման վարձ» կատեգորիայում ներկայացված են ավելի քան 30 կրթական ծառայություններ մատուցող կազմակերպություններ։ Դրանց թվում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, British Council-ը, ինչպես նաև դպրոցներ և ուսումնական կենտրոններ։
Միջնորդավճարը և վճարման առավելագույն գումարը կախված են վճարումը ստացող կազմակերպությունից։ Ուստի մեկ ընդհանուր սակագին չկա․ վճարումը հաստատելուց առաջ ստուգեք էկրանին ցուցադրված վերջնական գումարը և համեմատեք այն ծառայության պաշտոնական էջում ներկայացված տվյալների հետ։
Ինչպե՞ս վճարել EasyPay տերմինալի միջոցով
- Ընտրեք «Ուսման վարձ» բաժինը։
- Գտեք ուսումնական հաստատությունը։
- Մուտքագրեք ուսանողի, պայմանագրի կամ հաշվի համարը՝ այն տեղեկությունը, որը պահանջում է հարթակը։
- Ստուգեք վճարումը ստացողի տվյալները, գումարը և միջնորդավճարը։
- Մուտքագրեք կանխիկ գումարը կամ վճարեք քարտով, եթե տվյալ տերմինալն ընդունում է քարտային վճարումներ։
- Վերցրեք և պահպանեք անդորրագիրը։
Ինչպե՞ս վճարել easywallet-ի միջոցով
- Մուտք գործեք easywallet հավելված։
- Բացեք ուսման վարձի վճարման կատեգորիան և ընտրեք կազմակերպությունը։
- Մուտքագրեք պահանջվող տվյալները։
- Ստուգեք գումարը, միջնորդավճարը և ուսանողի տվյալները։
- Հաստատեք վճարումը և պահպանեք էլեկտրոնային անդորրագիրը։
Ե՞րբ օգտվել Idram-ից
Idram-ը հարմար է, եթե անհրաժեշտ կրթական ծառայությունը հասանելի է Idram & IDBank հավելվածում, և ցանկանում եք վճարել սմարթֆոնով։
Համակարգը հնարավորություն է տալիս վճարել ծառայությունների դիմաց, կատարել փոխանցումներ և QR վճարումներ, ինչպես նաև օգտվել Rocket Line թվային տարաժամկետ վճարման ծառայությունից՝ համապատասխան կարգավիճակ ունեցող օգտատերերի համար։
Տարաժամկետ վճարումն առանձին ֆինանսական պրոդուկտ է։ Նախքան դրանից օգտվելը կարևոր է ուսումնասիրել ոչ միայն ժամկետը, այլ նաև ընդհանուր արժեքը, հասանելի սահմանաչափը, հաճախորդին ներկայացվող պահանջները և ժամկետանց վճարման հետևանքները։
«Կրթություն» կատեգորիայի առկայությունը դեռ չի նշանակում, որ այնտեղ ներկայացված է կոնկրետ ԲՈՒՀ-ը։ Նախ գտեք կազմակերպությունն իր ճշգրիտ անվանմամբ, ապա ստուգեք վճարումը ստացողի տվյալները և վճարման նպատակը։
Ինչպե՞ս վճարել ուսման վարձը բանկային փոխանցմամբ
Ուսումնական հաստատությունից ստացեք պաշտոնական բանկային վավերապայմանները և փոխանցումը կատարեք բանկի հավելվածի կամ մասնաճյուղի միջոցով։
- Խնդրեք տրամադրել վճարումը ստացողի ամբողջական անվանումը, հաշվի համարը կամ IBAN-ը, բանկի անվանումը և վճարման նպատակը։
- Ճշտեք, թե ուսանողի ինչ տվյալներ է անհրաժեշտ նշել։
- Ստուգեք բանկի միջնորդավճարը և գումարի մուտքագրման ժամկետը։
- Փոխանցումից հետո պահպանեք վճարման անդորրագիրը։
- Եթե ԲՈՒՀ-ը վճարման հաստատում է պահանջում, անդորրագիրն ուղարկեք կազմակերպության նշած պաշտոնական հասցեով կամ հարթակով։
Տվյալները մի՛ պատճենեք հին նամակագրությունից կամ ոչ պաշտոնական հաղորդագրությունից․ հաշվեհամարը և վճարման նպատակը կարող են փոխված լինել։
Հատկապես ուշադիր եղեք վերջնաժամկետին նախորդող օրերին փոխանցում կատարելիս։ Գումարն ուղարկելու և այն ԲՈՒՀ-ի հաշվին մուտքագրման ամսաթվերը կարող են չհամընկնել։
Կարելի՞ է ուսման վարձը վճարել քարտով՝ ԲՈՒՀ-ի կայքում
Այո, եթե ուսումնական հաստատությունն ունի վճարման պաշտոնական էջ կամ անձնական հաշիվ։
Այս եղանակով կարելի է վճարել, օրինակ, Հայ-Ռուսական համալսարանում, որտեղ առցանց վճարումը կատարվում է 3D Secure լրացուցիչ նույնականացմամբ։
Վճարեք միայն ուսումնական հաստատության պաշտոնական կայքում։ Մի՛ անցեք կասկածելի հաղորդագրություններով ստացված հղումներով և կողմնակի անձանց մի՛ փոխանցեք գործարքը հաստատող կոդը։
Նախքան վարձը վճարելը ստուգեք գումարը, ուսանողի անունը, ազգանունը կամ նույնականացման համարը և վճարման նպատակը։ Եթե հաստատումից հետո էջը չի արձագանքում, նախ գործարքների պատմությունը ստուգեք՝ տեսեք արդյո՞ք գումարը գանձվել է։ Մի՛ շտապեք կրկին կատարել վճարումը։
Կարելի՞ է ուսման վարձը վճարելու համար ուսանողական վարկի դիմել
Այո։ Ուսանողական վարկն անհրաժեշտ է այն ժամանակ, երբ չեք կարող միանգամից վճարել ամբողջ գումարը։ Պետք է հաշվի առնել, որ վարկը մեծացնում է ուսման վերջնական արժեքը։
Վարկի գումարը փոխանցվում է անմիջապես ԲՈՒՀ։ Այն նախատեսված է պետական կամ հավատարմագրված ԲՈՒՀ-երում սովորելու համար։
Նախքան վարկ ձևակերպելը համեմատեք տարեկան փաստացի տոկոսադրույքը, միջնորդավճարները, երաշխավորին ներկայացվող պահանջները և վճարումների ընդհանուր գումարը։
| Պարամետր | Տվյալներ | Ինչ ստուգել |
| Գումար | Ընդհանուր՝ մինչև 5 000 000 ՀՀ դրամ | Գործող սահմանաչափը և վարկի տրամադրման կարգը |
| Տոկոսադրույք | Տարեկան 5,11%-ից մինչև 20,66% | Գործող տոկոսադրույքները և բոլոր լրացուցիչ ծախսերը |
| Ժամկետ | Մինչև 10 տարի | Մարումների ժամանակացույցը և վաղաժամ մարման պայմանները |
| Ապահովում | Առնվազն մեկ երաշխավոր | Բանկի պահանջները երաշխավորին |
Ուսանողական վարկերի բոլոր արդիական առաջարկները կարող եք գտնել AFM-ի համանուն բաժնում։
Ինչպե՞ս վճարել IELTS քննության և British Council-ի դասընթացների համար
British Council-ն ընդունում է վճարումներ մի քանի եղանակով՝ ամրագրման ժամանակ առցանց, բանկային փոխանցմամբ, EasyPay-ի և easywallet-ի միջոցով։
Գրանցվելուց հետո կարևոր է պահպանել վճարման ժամկետը և անդորրագիրն ուղարկելու կանոնները։ Թեստն ամրագրելուց հետո վճարումը պետք է կատարել 72 ժամվա ընթացքում։ Վճարման անդորրագիրն անհրաժեշտ է ուղարկել exams@britishcouncil.am էլեկտրոնային հասցեին։
Նախապատրաստական դասընթացների համար կարող են գործել այլ վավերապայմաններ և պատասխանատու համակարգողի այլ կոնտակտային տվյալներ։
Մեկ գործարքում մի՛ միավորեք քննության և դասընթացի վճարները, եթե British Council-ը դա չի թույլատրել։ Վճարման նպատակի դաշտում նշեք թեկնածուի տվյալներն այն ձևաչափով, որը ներկայացված է կազմակերպության պաշտոնական տվյալների մեջ։
Վճարման ո՞ր եղանակն ընտրել
| Եթե ցանկանում եք… | Սովորաբար ավելի հարմար է | Ինչո՞ւ |
| Վճարել կանխիկ | EasyPay տերմինալ կամ բանկի մասնաճյուղ | Պետք չէ վճարումը կատարել առցանց |
| Վճարել սմարթֆոնով | easywallet, Idram կամ բանկի հավելված | Վճարման տվյալները և անդորրագիրը հասանելի են հավելվածում |
| Վճարել անմիջապես բուհին | Քարտով՝ պաշտոնական կայքում, կամ բանկային փոխանցմամբ | Վճարումը ստացողը հենց ուսումնական հաստատությունն է |
| Վճարել տեղում | Դրամարկղ կամ ֆինանսական բաժին, եթե այդ եղանակը հասանելի է | Տվյալները կարելի է ճշտել աշխատակցից |
| Միանգամից չվճարել ամբողջ գումարը | Վարկ կամ պաշտոնական տարաժամկետ վճարում | Գումարը վճարվում է մաս-մաս, սակայն վերջնական արժեքը կարող է ավելի բարձր լինել |
Ընտրություն կատարելուց առաջ ստուգեք հենց ձեր ուսումնական հաստատության կանոնները։ Եթե երկու եղանակներն էլ հավասարապես հարմար են, համեմատեք ամբողջ միջնորդավճարը, գումարի մուտքագրման ժամկետը և վճարման հաստատումն արագ ստանալու հնարավորությունը։
Ո՞ր սխալները կարող են խանգարել վճարմանը
Հիմնական խնդիրներն առաջանում են հետևյալ սխալների պատճառով՝
- պայմանագրի, ուսանողի կամ անձնական հաշվի համարը սխալ է նշված,
- օգտագործվել են հնացած բանկային տվյալներ,
- վճարման նպատակը սխալ կամ թերի է լրացված,
- վճարումը կատարվել է ոչ պաշտոնական կայքում կամ փոխանցվել է սխալ ստացողի,
- վճարման հաստատման ուշացումից հետո գործարքը կրկին է կատարվել,
- անդորրագիրը չի պահպանվել,
- վճարումը կատարվել է վերջին օրը՝ առանց գումարի մուտքագրման ժամկետը հաշվի առնելու։
Եթե գումարը գանձվել է, սակայն ԲՈՒՀ-ը չի տեսնում վճարումը, դիմեք ինչպես վճարային ծառայությանը, այնպես էլ ուսումնական հաստատության հաշվապահություն։ Նախապես պատրաստեք վճարման ամսաթիվը, գումարը, գործարքի համարը, վճարողի տվյալները և անդորրագրի պատճենը։
Հաճախ տրվող հարցեր՝ ուսման վարձի վճարման վերաբերյալ
Կարելի՞ է արդյոք ուսման վարձը կանխիկ վճարել
Այո, այն հնարավոր է վճարել EasyPay տերմինալի, բանկի մասնաճյուղի կամ ուսումնական հաստատության պաշտոնական դրամարկղի միջոցով։ Ուսումնական հաստատությունից նախապես ճշտեք տեղում վճարելու հնարավորությունը։
Կարելի՞ է վճարել մեկ այլ անձի ուսման վարձը
Սովորաբար՝ այո։ Սակայն վճարման ժամանակ անհրաժեշտ է ճիշտ նշել ուսանողի տվյալները։ Պահանջվող տվյալների ամբողջական ցանկը ճշտեք ուսումնական հաստատությունից։
Ի՞նչ տվյալներ են անհրաժեշտ վճարման համար
Սովորաբար պահանջվում են ուսանողի անունը և ազգանունը, պայմանագրի, ուսանողական տոմսի կամ անձնական հաշվի համարը։ Թե կոնկրետ որ տվյալն է անհրաժեշտ, նշվում է վճարային ծառայությունում կամ տրամադրվում է ԲՈՒՀ-ի կողմից։
Պե՞տք է արդյոք պահպանել անդորրագիրը
Այո։ Պահպանեք այն առնվազն մինչև վճարումն ուսումնական հաստատության համակարգում արտացոլվելը և հնարավոր անճշտությունների կարգավորումը։
Ի՞նչ անել, եթե գումարը չի մուտքագրվել
Նախ ստուգեք գործարքի կարգավիճակը։ Այնուհետև տրամադրեք գործարքի համարը, ամսաթիվը, գումարն ու անդորրագիրը վճարային հարթակին և ուսումնական հաստատության հաշվապահությանը։
Կարո՞ղ է օտարերկրյա ուսանողն օգտվել easywallet-ից
Այո, օտարերկրյա ուսանողը կարող է գրանցվել easywallet-ում, եթե ունի համապատասխան հեռախոսահամար և նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր։ Առանձին գործարքների համար կարող են պահանջվել նաև հանրային ծառայությունների համարանիշ և Հայաստանում թողարկված բանկային քարտ։
Իրականում, պահանջները կախված են օգտատիրոջ կարգավիճակից և ընտրված գործարքից։ Ուստի գրանցվելուց առաջ ստուգեք դրանք EasyPay-ի պաշտոնական տվյալներում։
Արդյո՞ք արտով վճարումը միշտ առանց միջնորդավճարի է
Ոչ։ Միջնորդավճարը կարող է կախված լինել ԲՈՒՀ-ից, վճարային ծառայությունից, բանկից և քարտի տեսակից։ Նախքան գործարքը հաստատելը ստուգեք վճարման վերջնական գումարը։
Ո՞րն է ավելի շահավետ՝ տարաժամկետ վճարո՞ւմը, թե՞ ուսանողական վարկը
Համեմատեք վճարումների ընդհանուր գումարը, տարեկան փաստացի տոկոսադրույքը, միջնորդավճարները, ժամկետը և ուշացման համար նախատեսված տույժերը։ Ավելի էժան ամսավճարով տարբերակը միշտ չէ, որ ընդհանուր առմամբ ավելի էժան է։
Եզրակացություն՝ ինչպես կարելի է վճարել ուսման վարձը Հայաստանում
Հայաստանում ուսման վարձը կարելի է վճարել առցանց կամ օֆլայն եղանակով։ Կանխիկ վճարելու համար կարող եք օգտվել EasyPay տերմինալից, այցելել բանկի մասնաճյուղ կամ ուսումնական հաստատության դրամարկղ, եթե այն ընդունում է վճարումներ։ Հեռավար վճարման համար հասանելի են easywallet-ը, Idram-ը, բանկային հավելվածը, բանկային փոխանցումը կամ անհրաժեշտ ԲՈՒՀ-ի պաշտոնական կայքի վճարային էջը։
Նախքան վճարում կատարելը ճշտեք, թե տվյալ ուսումնական հաստատությունն ինչ վճարում է ընդունում և համեմատեք միջնորդավճարը, գործարքի սահմանաչափն ու գումարի մուտքագրման ժամկետը։ Եթե ամբողջ գումարը միանգամից վճարելու հնարավորություն չունեք, կարող եք դիմել ուսանողական վարկի կամ պաշտոնական տարաժամկետ վճարման՝ նախապես հաշվարկելով ընդհանուր գերավճարը։
Անկախ ընտրված եղանակից՝ օգտագործեք միայն պաշտոնական բանկային տվյալներ, ճիշտ լրացրեք ուսանողի տվյալները և պահպանեք անդորրագիրը մինչև վճարման մուտքագրման հաստատումը։ Վճարումը մի՛ հետաձգեք մինչև վերջին օրը և մի՛ կրկնեք գործարքն՝ առանց առաջին վճարման կարգավիճակը ստուգելու։
AFM-ում կարող եք համեմատել Հայաստանի ուսանողական վարկերը և այլ ֆինանսական պրոդուկտներ։ Ընտրեք ուսման վարձը վճարելու հարմար տարբերակը, նախապես գնահատեք ծախսերը և խուսափեք ավելորդ վճարումներից։
Հեղինակ
Սաթի ԱվագյանԱղբյուր
AFMՊատկերի աղբյուր
PexelsԹեմա
Վճարումներ և փոխանցումներ, Էլեկտրոնային դրամապանակներ, easywallet
